Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ:

Ծնվել է 1897 թ․ փետրվարի 15-ին, Խարկովում։

1923 թ․ ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատանքի անցել այդտեղ։

1926-32 թթ․ եղել է նորաստեղծ, աշխարհում առաջին, Արյան փոխներարկման ինստիտուտի փոխտնօրենը:

1931 թ. ստացել է պրոֆեսորի կոչում։

1932 թ-ից եղել է Արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի տնօրենը և Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի հոսպիտալային թերապիայի ամբիոնի վարիչը։

1935 թ․ նրա ղեկավարությամբ Կենտրոնական ինստիտուտում մշակվել է արյան պահածոյացման մի շարք միջոցներ:

1935 թ․ տրանսֆուզիոլոգիայի բնագավառի այդ նվաճումները ներկայացվել են Հռոմի միջազգային կոնգրեսում, իսկ 1937 թ.՝ Փարիզում։

Աշխարհում առաջին անգամ պահածոյացված արյան փոխներարկման մեթոդը բուժական պրակտիկայում լայնորեն ներդնելը արյան փոխներարկման պատմության մեջ դարձավ շրջադարձային։

1941-45 թթ․ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, լինելով Ինստիտուտի տնօրենը, եղել է նաև Սովետական բանակի գլխավոր տրանսֆուզիոլոգը։

Պ․ Լ․ Սելցովսկու հետ կազմել են զինվորական բժիշկների համար նախատեսված արյան փոխներարկման առաջին հրահանգները։

Հետպատերազմյան տարիներին մեծ ջանքեր է գործադրել տրանսֆուզիոլոգիայի և արյունաբանության հետագա զարգացման համար։

Օրինակ, մշակել է ռեզուս-ֆակտորի պրոբլեմը և զարգացրել է իմունոհեմատոլոգիան։

Նրա ակտիվ մասնակցությամբ Կենտրոնական ինստիտուտի   արյունաբանական կլինիկայում կատարվել են անեմիաների, լեյկոզների, հեմոռագիկ դիաթեզների էթիոպաթոգենեզի, ախտորոշման, բուժման և այլ հարցերի խորացված ուսումնասիրություններ։   

Աշխատանքները վերաբերում են արյան փոխներարկման միջոցով խոցային հիվանդության, ճառագայթային հիվանդության և սպիտակարյունության բուժման մեթոդների ուսումնասիրությանը։

1945 թ․ ընտրվել է ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, իսկ 1957 թ․՝ իսկական անդամ։

Համարվում է խորհրդային առողջապահության ակնառու կազմակերպիչներից մեկը։

1936 թ-ից եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանաը։

Պարգևները․ Լենինի շքանշան, Կարմիր աստղ շքանշան (2), մեդալներ։

Մրցանակները․ Ստալինյան մրցանակ 3-րդ աստիճանի, չոր պլազմայի և արյան չոր շիճուկի ստացման մեթոդի մշակման համար, որը լայն կիրառություն ստացավ բժշկական պրակտիկայում, հատկապես ռազմաճակատային բժշկական հիմնարկներում։ Ստալինյան մրցանակ 2-րդ աստիճանի, արյան պահածոյացման և նրանից բուժական միջոցներ ստանալու նոր մեթոդների մշակման համար։  ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:

Մահացել է 1961 թ․ օգոստոսի 26-ին, Մոսկվայում։

Բժիշկ Հարություն Մինասյանի  
«Հայազգի բժիշկ-գործիչներ» գրքից

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ